• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիդերլանդների հայ համայնքը

Պատմական ակնարկ

Հայ-նիդերլանդական առնչությունների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 4-րդ դարին, երբ Նիդերլանդներում հաստատվել է ծագումով հայ հոգևորական սուրբ Սերվանտիոսը (ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Սրբատիոս-Սերովբե է, իսկ հոլանդերեն նրան կոչում են նաև Սինտ Սերվաս)։ Լատինական աղբյուրների համաձայն՝ նա եղել է Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը և վախճանվել է 384թ-ին։ Նրա մասունքները ամփոփված են Մաաստրիխտի գլխավոր եկեղեցիներից մեկում՝ իր պատվին կառուցված Սենտ Սերվասկերկ բազիլիկայում։ 

Նիդերլանդացիներն ու հայերը առնչվել են նաև Խաչակրաց արշավանքների ժամանակ։ Հայտնի է նաև, որ 13-րդ դարում Արևելք մեկնելու ճանապարհին հոլանդացի վաճառականներն այցելել են Կիլիկյան Հայաստան, որի արդյունքում նրանց և տեղի հայ վաճառականների միջև հաստատվել են գործնական կապեր։ Ամստերդամ այցելած հայ վաճառականների մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1560-1565 թվականներին։ Նիդերլանդների մայրաքաղաքում նրանք հիմնադրել են առևտրական տներ, զբաղվել ներկերի, համեմունքների, գորգերի, թանկարժեք քարերի, մետաքսի (որի առևտրի մենաշնորհը մինչև 1765թ. պատկանում էր հայերին) վաճառքով։ 17-րդ դարի առաջին կեսին Նիդերլանդներ են գաղթել փոքր թվով ջուղայեցիներ։ 1660-ական թթ. Ամստերդամում արդեն իսկ եղել է ձևավորված հայ համայնք. 1700-ական թթ. այստեղ բնակվել է ավելի քան 70 հայ ընտանիք՝ ներառյալ միջազգային առևտրական տների հայ ներկայացուցիչները, որոնց գործունեության կենտրոնը Ամստերդամ քաղաքն էր։ Տեղի հայերն ունեցել են շուկա (հայտնի էր «Արևելյան շուկա» անունով), առևտրանավեր, որոնք նավարկել են հոլանդական դրոշի ներքո, հայտնի էին «Հայ պղնձեմարդ», «Հայ վաճառական» նավերը։ 18-րդ դ. վերջին հայերի թիվը Նիդերլանդներում հասել է 800-ի։

Հայկական տպագրություն

17-18-րդ դդ. Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։ 1660 թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը Մատթեոս Ծարեցին էր։ Այդ տպարանը 1664 թվականից ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Հենց ադ տպարանում է իրականացվել Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը։ Հայերեն գրքերի տպագրության գործն իրականացրել են Սուրբ էջմիածնից եկած քահանաները։ 1714թ. Ամստերդամում կառուցվել է Սուրբ Հոգի հայկական եկեղեցին։ Հետագա տարիներին, նապոլեոնյան արշավանքների հետևանքով, հայ համայնքը սկսել է անկում ապրել։ 18-րդ դ. վերջին, երբ ֆրանսիական զորքերը գրավել են Նիդերլանդները,  առևտրական ուղիները փակվել են, իսկ Ամստերդամն ու այլ ծովափնյա քաղաքներ կորցրել են երբեմնի առևտրական դերը։ Հայերի զգալի մասն արտագաղթել է երկրից, իսկ մի մասն էլ՝ ժամանակի ընթացքում ձուլվել։ Ամստերդամի հայկական գաղութի անկումից հետո, մինչև 20-րդ դ. Նիդերլանդներում հիմնականում բնակվել են ինդոնեզահայ վաճառականներ, որոնք ունեցել են իրենց երկրորդ բնակավայրը Նիդերլանդներում։

Առաջին աշխարհամարտ, Մեծ եղեռն

1894-1896 թթ. Թուրքիայում համիդյան ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի հետևանքով որոշ հայ փախստականներ ապաստան են գտել Նիդերլանդներում, սակայն նրանցից շատերը հետագայում հաստատվել են այլ երկրներում։ Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո Նիդերլանդներում հիմնվել է Հայ փախստականների օգնության հոլանդական հանձնախումբ, որին անդամակցել են հոլանդացի պետական և հասարակական ականավոր գործիչներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ հայեր՝ խորհրդային բանակի նախկին զինվորներ և սպաներ, գործուն մասնակցություն են ունեցել հոլանդական Դիմադրության շարժմանը։ 1942թ. ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ խորհրդային ռազմագերիներից կազմվել են ազգային զորամասեր՝ լեգեոններ, ստեղծվել է նաև հայկական լեգեոն, որը տեղակայվել է Լեհաստանում։ 1942թ. վերջին վերջինիս գումարտակներից մեկում ստեղծվել է ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպություն, որի հայտնաբերումից հետո ֆաշիստները 1943թ. գումարտակը փոխադրել են Նիդերլանդների Շոուվեն (Սխաուվեն-Դոյվելանդ) կղզի։ Այստեղ հայ լեգեոնականներին հոլանդահայ ձեռնարկատեր Ալեքսանդր Հակոբյանի միջոցով հաջողվել է կապ հաստատել հոլանդական Դիմադրության շարժման հետ և մասնակցել գերմանական զավթիչների դեմ հոլանդացի հայրենասերների մղած պայքարին։ Հոլանդական հողում մարտնչել են Բաբկեն Սաքանյանը, Աբրահամ Աբրահամյանը, Ազատ Խաչատրյանը, Անդրանիկ Միրզոյանը, Սարգիս Կարապետյանը և ուրիշներ, որոնց սխրանքները բարձր են գնահատել Դիմադրության շարժման ղեկավարները։

Հայերը՝ ամերիկյան և կանադական էքսպեդիցիոն զորախմբերի կազմում մասնակցել են Նիդերլանդների ազատագրմանը։ 

Լյոսդենում գտնվող Խորհրդային բանակի զինվորների պանթեոնում  հուղարկավորված են հայազգի զինվորներ։  Լիմբուրգ նահանգում  ամերիկյան զինվորական պանթեոնում ևս ամփոփված են հայազգի զինվորներ։ 

Ներկայիս հայ համայնքի ձևավորումը

Նիդերլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդերլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդերլանդների նախկին գաղութից։ 

1956թ. բավական թվով հայ ընտանիքներ են եկել Հունաստանից, իսկ 1963թ.՝ Իրանից։ 1960 - 1970-ական թթ. Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ տեղափոխվել են Նիդերլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ 1960-1970-ական թթ. Նիդերլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից՝ հիմնականում Իրաքի հետ Թուրքիայի հարավարևելյան սահմանակից Շիրնակ գյուղից, Ցոզղատից։ 

1970-80-ական թթ. Նիդերլանդների հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից գաղթած հայրենակիցներով։ Խորհրդային Միության փլուզումից հետո շեշտակիորեն աճել է Նիդերլանդներում հայերի քանակը՝ հիմնականում Հայաստանի և մի շարք այլ խորհրդային հանրապետություններից ներգաղթի հաշվին։ Վերջին տարիներին՝ Իրաքից և Սիրիայից մի քանի հարյուր ընտանիք մշտական բնակություն է հաստատել Նիդերլանդներում։ 

Ներկայումս (2020) Նիդերլանդներում բնակվում է շուրջ 40000 հայ։ Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում, Նայմեխենում, Ուտրեխտում, Մաաստրիխտում և այլուր։

Նիդերլանդների հայերը պատկանում են միջին և բարձր դասին՝ հին և նոր ձեռնարկատերեր ու վաճառականներ, մտավորականներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ, բարձրագույն դպրոցի դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու գիտության գործիչներ։ 

Զգալի թիվ են կազմում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատողները։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցին և մշակութային միությունները։ 

 Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում գործում են կրթամշակութային կազմակերպություններ, պատանեկան սկաուտական ջոկատներ, մարզական խմբեր, կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ։ 

Սպիտակի երկրաշարժ

Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հոլանդահայերը ստեղծել են աղետի գոտուն օգնող կոմիտե, կազմակերպել հանգանակություն, Հայաստան ուղարկել մթերք, դեղորայք, դրամական միջոցներ։ 

Եկեղեցի - Արևմտյան Եվրոպայում առաջին Հայ առաքելական եկեղեցին

Հայաստանյաց առաքելական եկեղեցու Հոլանդիայի հոգևոր հովվությունը կազմավորվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում։ 

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1714թ.՝ հայ վաճառականների միջոցներով։ Եկեղեցին դարձել է Ամստերդամի հայերի հասարակական-մշակութային կյանքի կենտրոնը։ Հայերի թվի նվազման պատճառով եկեղեցին 1828 թվականին վաճառվել է կաթոլիկ միաբանությանը, որն այն վերածել է դպրոցի։ Եկեղեցուն պատկանող գույքի մի մասը տեղափոխվել է Էջմիածին։ 1987 թվականին ՀԲԸՄ-ի, Մայր աթոռ Ս. Էջմիածնի և այլ բարերարների նվիրատվություններով Ամստերդամի հայ համայնքը հետ է գնել եկեղեցու շենքը։ 1989 թվականի նոյեմբերին կատարվել է Սուրբ Հոգի եկեղեցու վերաօծման արարողությունը։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Տարոն Բաղդասարյանը։

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գործում է 2003 թվականից։ 1991 թվականին Ալմելո քաղաքի հայ բնակչության և հոլանդական եկեղեցու նվիրատվություններով գնվել է դպրոցի շենք, որի սրահներից մեկը վերածվել է աղոթատեղիի, իսկ 2003 թվականի մայիսին օծվել իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Ալմելոյի հայ համայքնի հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց Բաղդասարյանը։

Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին բացվել է 2013թ. հունվարի 26-ին: Այն Նիդերլանդների երրորդ հայկական եկեղեցին է՝ Ալմելոյի ու Ամստերդամի եկեղեցինից հետո: Սուրբ Կարապետի շենքը նախկինում կաթոլիկ վանք էր, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ռուրմոնդյան թեմը հանձնել է հայկական համայնքին: Սուրբ Կարապետը հանդիսավոր կերպով օծվել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան Զաքարյանի կողմից:

Նիդերլանդների տարբեր բնակավայրերում գործում են հայկական կրթական և մշակութային կազմակերպություններ։ Համայնքային մի շարք կազմակերպություններ նաև ակտիվ գործունեություն են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորության հարցերի շուրջ Նիդերլանդներում հայանպաստ դիրքորոշման ձևավորման, թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակազդելու ուղղությամբ։ 

Վերջին տարիներին Նիերլանդներում բնակվող երիտասարդ հայերը սկսել են զբաղվել քաղաքականությամբ, անդամակցել քաղաքական կուսակցություններոին, տարբեր նահանգային և քաղաքային խորհուրդների կազմում ընտրվել են ծագումով հայ քաղաքական գործիչներ։ 

Նիդերլանդներում քաղաքական գործունեություն ծավալող հայկական կառույցներն են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը։ 

Նիդերլանդների ԲՈՒՀ-ական ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում Գլաձոր հայ ուսանողական միությունը , որն հիմնադրվել է 2006 թվականին ։

2012 թվականից Նիդերլանդներում գործում է հայ-հոլանդական բժշկական ընկերությունը:

Իր կարևոր և ուրույն տեղն ունի 2012թ. հրատարակվող «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթը, որ լուսաբանում է նիդերլանդահայ կյանքի կարևոր դեպքերն ու իրադարձությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: